понедельник, 26 августа 2013 г.

Վերջապես ՊՍԺ-ն հաղթեց

    Դժվար է հավատալ, բայց Լիգա 1-ի միայն 3-րդ տուրում փարիզեցիները վերջ ի վերջո կարողացան հաղթել, այն էլ ընդհամենը 1-2 հաշվով։ Բայց եթե դիտել եք Լորան Բլանի կառուցած խաղը, տարօրինակ կարող է թվալ թիմի անհաջող արդյունքները։ Իսկ ի՞նչն է փարիզեցիներին խանգարում ավելի լավ խաղալ․․․
    Այս հարցին պատասխանելու համար նախ փորձենք հասկանալ՝ ինչպես է խաղադաշտում դասավորում իր ֆուտբոլիստներին Բլանը։ «Ավանդական» և որոշ առումներով ժամկետանց 4-4-2-ը գովելի է միայն անգլիական միջակ թիմերի համար, որոնց խաղի 99%-ը կազմում են բարձրից կատարված եզրային փոխանցումները (բացառություն էր կազմում դարասկզբի ֆերգյուսոնյան Յունայթեդը, որի համար 4-4-2-ը լավագույն լուծումն էր Սքոլզին ու Գիգգսին ճիշտ օգտագործելու նպատակով)։ Բլանի դեպքում այս մարտավարությունը, կարելի է ասել, ստիպված տարբերակ է՝ Կավանիին ու Իբրահիմովիչին հավասար դիրք, հնարավորություններ ու խաղային դրվագներ ապահովելու համար, բայց առանց ընդգծված փլեյ-մեյքերի խաղը ու եզրային խաղին ոչ շատ սովոր Պաստորեին եզրից օգտագործելը պարզապես քանդում է թիմային խաղը, իսկ գոլերը գերբարձրակարգ հարձակվողների ու արագ եզրայինների անհատական խաղի արդյունք է, ինչը չի գործի բարձրակարգ մրցակիցների դեմ։ Գրոհների կառուցումը իր վրա ստիպված վերցնում է Տիագո Մոտտան, ով՝ որպես հենակետային կիսապաշտպան, չափազանց լավ է կատարում այդ գործը, սակայն չի կարող միայնակ լրացնել կենտրոնից սրող փոխանցումների պակասը։ Գնդակ կորցնելիս էլ ՊՍԺ-ի եզրերը կտրվում են խաղից, քանի որ ի սկզբանե շատ բարձր են տեղակայված։
    Իսկ ի՞նչ լուծումներ կարող են լինել։ Նախ պետք է գիտակցել, որ, անկախ բազում ձեռքբերումների քանակից, փարիզեցիների պաշտպանությունը գրանդ ակումբին հարիր պաշտպանություն չէ, և միայն Սիլվան չի կարող գործել պաշտպանության ողջ երկայնքով, այնպես որ պարզապես անհրաժեշտ է ստիպել եզրային ֆուտբոլիստներին նահանջել թիմակիցներին փոխօգնության, չնայած վերջիններին գերհարձակվողական խաղաոճին։ Այստեղ առաջանում է երկու տարբերակ։
        Տարբերակ I՝ հենակետայինների զույգը կազմել Մոտտայից ու Վերրատտիից՝ հույս ունենալով, որ երիտասարդ տաղանդավոր կիսապաշտպանը արդեն այս մրցաշրջանում կդառնա «երկրորդ Պիրլոն», ու երկուսով իտալացիները կկարողանան լրացնել կենտրոնում հարձակվողական ոճի խաղացողի պակասը։ Իսկ եզրերում կգործեն գերարագ Լավեսսին ու Լուկասը՝ տեմպի տակ տուգանային ներխուժելով, ու Իբրա-Կավանի զույգը կմնա անփոփոխ։
        Տարբերակ II՝ ներկայիս գերադասելի Մոտտա-Մատուիդի զույգը կգործի դաշտի կենտրոնում՝ քաանդելով մրցակցի խաղը, Պաստորեն կտեղափոխվի իր համար գերադասելի կենտրոն՝ պայմանական «Օզիլ» խաղալու, իսկ հարձակման գիծը կկազմեն տեղերով անընդհատ փոխվող Իբրահիմովիչը, Կավանին ու Լավեսսին՝ առանց միակ ընդգծված կենտրոնական հարձակվողի։ Առդեն հիմնական կազմի համար պատրաստ Լուկասն էլ կկարողանա փոխարինել թե՛ հարձակվողներից մեկին, թե՛ կենտրոնում Պաստորեին։
    Ամեն դեպքում վերջնական ընտրությունը պատկանում է մարզչին, ով անկասկած բոլորիցս լավ գիտի իր թիմի հնարավորությունները։ Մեզ մնում է հաջողություն մաղթել շատ խոստումնալից խաղ ցուցադրող փարիզեցիներին, ովքեր, չնայած անհաջող մեկնարկին, անկասկած այս տարի առնվազն դառնալու են Ֆրանսիայի չեմպիոն։

Комментариев нет:

Отправить комментарий