Չելսիի դեմ սուպերգավաթային հանդիպումից հետո վերջապես ունեցանք հնարավորություն դիտելու մյունխենցիների մասնակցությամբ կենտրոնական հանդիպում՝ Շալկե 04 - Բավարիա խորագրով։
Առաջին րոպեներից վստահորեն գնդակին տիրելով՝ Գվարդիոլայի սաները սկսեցին խաղալ այն խաղը, որը հենց սպասում են մյունխենյան ակումբի երկրպագուները իրենց թիմի կատալոնացի մարզչից։ Անթիվ անհամար փոխանցումներ, որոնք տարբերվում են Բարսելոնայի խաղից նրանով, որ այդ փոխանցումները ուղղված են հիմնականում առաջ, միտված են եզրերի հաճախակի փոփոխման, իսկ հարվածների առատությունը կարելի է կապել բավարացիների հարվածային միջին գծի հետ, որտեղ ամեն մեկն ունի թնդանոթային հարված ու կարող է անակնկալի բերել ցանկացած դարպասապահի։
Շալկեն էլ, բազմաթիվ երկրպագուների ակտիվությամբ առաջ մղվելով, առաջին խաղակեսում արդեն ցույց տվեց, որ պաշտպանության կենտրոնում խնդիրները ահռելի են։ Իսկ գելզենկիրխեցիների բավական որակյալ հարձակումը՝ ի դեմս Ֆառֆան, Դրաքսլեր, Բոատենգ եռյակի ու մաքուր հարձակվող Ադամ Սալայի, գործում է մնացած թիմից անկախ ու շատ հաճախ հարձակման թափը չի բավականացնում։
Եթե վերադառնանք Բավարիային ու Գվարդիոլայի կատարած աշխատանքին, չի կարելի չգնահատել բավարացիների հենակետային գոտու անթերի խաղը։ Շարքային վատորակ հայ մեկնաբանների լեզվով ասած՝ «Այսպիսի լարված խաղում կհաղթի այն թիմը, որը կհաղթի դաշտի կենտրոնը»։ Այսօր դա, անտարակույս, Բավարիան էր՝ շնորհիվ Լամ-Շվայնշտայգեր տանդեմի։ Նոմինալ աջ պաշտպան Լամը, կարծես համակերպվել է այն մտքի հետ, որ Պեպն իրեն տեսնում է հենակետայինի դիրքում, ու որոշ չափով արդեն հարմարվել է իր ֆիրմային բարձրից փոխանցումները ոչ թե եզրից, այլ ավելի խորքից կատարելուն։ Ցանկացած թիմ էլ կցանկանար դաշտի կենտրոնում ունենալ Լամի նման մեկին, ով, գնդակը լիովին վերահսկելուց բացի, գերազանց կերպով է հանձն առել խաղարկողի դերը։
Комментариев нет:
Отправить комментарий