четверг, 29 августа 2013 г.

Բարսան Իսպանիայի սուպերգավաթակիր․ Բարսելոնա 0-0 Ատլետիկո Մադրիդ

    Առաջին խաղում գերազանց պրեսինգ ցուցադրած մադրիդցիները շարունակեցին  նույն ֆուտբոլը ցուցադրել նաև Նոու Կամպում։ Պաշտպանվելիս առանց լուրջ սխալների գործելու հետ մեկտեղ Դիեգո Սիմեոնեյի տղաների խաղում չկար գիտակցված արագ հակագրոհների այն քանակությունը, որոնք առաջին խաղում անհանգստացնում էին Բարսայի կենտրոնական պաշտպաններին։
    Բարսան նույնպես շատ բան էր փոխել իր խաղում՝ դասեր քաղելով Վիսենտե Կալդեռոնում անցկացրած հանդիպումից։ Առաջին րոպեներից Լեո Մեսսին շատ ակտիվ սկսեց՝ հստակ ցույց տալով, որ վնասվածքը լիովին բուժված է, բայց Բարսայի առաջատարը խորքից էր գործում և Ալվեշի ու Ալեքսիսի հետ միասին կատալոնացիների գրոհի աջ եզրը դարձնում էր գերհագեցած, ինչը, բացի չիլիացուն խաղից կտրելուց, ուրիշ «օգուտ» չէր տալիս։ Ձախ կողմից գործող Նեյմարին էլ անհատապես հսկում էին՝ զրկելով տարածություն ստանալու հնարավորությունից, և այդ պայմաններում Ալբան հաճախ հայտվում էր մրցակցի դարպասին ավելի մոտ, քան Բարսայի աստղային նորեկը։ Ընդհանուր առմամբ բրազիլացին չի կարող իր ցուցադրած խաղից գոհ մնալ, և առաջին խաղում իր թիմի միակ գոլը խփած ֆուտբոլիստը այսօր աչքի ընկավ միայն հավասարակշռությունը րոպեն մեկ կորցնելով։ Կենտրոնում հարձակվողի բացակայությունն էլ Մարտինոի թիմի խաղը դարձնում էր անատամ ու հանգեցնում էր դարպասին ուղղված հարվածների սուղության։
    Հանդիպման 80-րդ րոպեին էլ կարմիր քարտ ստացավ ողջ խաղը շատ ակտիվ անցկացրած Ֆիլիպե Լուիսը՝ Դանի Ալվեշի հետ արմունկով նմանապես ակտիվ պայքարելով։ Ամբողջ խաղի ընթացքում բավական կոպիտ խաղ ցուցադրած մադրիդցիները խաղավերջում անցան վա-բանկ խաղի ու 89-րդ րոպեին պատժվեցին 11 մետրանոցով, որը Մեսսին անհաջող իրացրեց՝ հզոր հարվածով ստուգելով դարպասի վերին ձողի ամրությունը։ Եվս մեկ կարմիր քարտ էլ մրցավար Բորբալանը 91-րդ ցույց տվեց մինչ այդ փոխարինված Արդա Թուրանին։  0-0 ավարտված խաղը ճիշտ է պարգևեց Տատա Մարտինոյին առաջին տիտղոսը՝ Բարսայի գլխավոր մարզչի կարգավիճակում, բայց դժվար թե ինչ-որ մեկը գոհ մնաց կատալոնական թիմի խաղից։

Комментариев нет:

Отправить комментарий