суббота, 3 августа 2013 г.

Բարսելոնա - Սանթոս․ Տատա Մարտինո

    Դիտելով Խերարդո ՏԱՏԱ Մարտինոի գլխավորությամբ Բարսայի առաջին խաղը՝ կարծիք է ստեղծվում, որ Պեպի ժամանակաշրջանի լավագույն Բարսելոնին ավելացել է մի փոքր արագություն ու էլ ավելի ինքնավստահություն։ Եվս մեկ անգամ ապացուցվում է, որ կատալոնացիների համար գլխավոր մարզչի փոփոխությունը ազդում է միայն խաղային մանրուքների հետ կապված հարցերում․ խաղաոճը վաղուց արդեն կերտված, հաստատված է և չի ենթարկվում քննարկման։ Րինուս Միխելսի հանճարեղ մարտավարությունը մյուս հանճարեղ հոլանդացու՝ Յոհան Կրույֆի կողմից իդեալականին մոտեցնելուց հետո գլխավոր մարզչին գործի կեսն է թողնում, բայց այդ մասին դեռ առանձին կհասցնենք խոսել։
    Ավելորդ եմ համարում ասել, որ դասական դարձած 4-3-3-ը մնացել է անփոփոխ։ Պաշտպանության խաղի մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ Սանթոսը ոչ մի լուրջ խնդիր չառաջարկեց: Աչքի ընկնող միակ փոփոխությունը Ալվեշի՝ համեմատաբար ավելի կենտրոնին մոտենալն էր։ Կիսապաշտպանական անփոփոխ եռյակը՝ Բուսկետս, Չավի, Ինիեստա, գործում էր ավելի սեղմված․ եռանկյունը սեղմվում էր, իսկ եզրային պաշտպանների՝ գրոհներին միանալու ժամանակ արագ բացվում ու հարձակվողներին ազատում հսկողներից մի քանիսից։ Դիրքային գրոհների ժամանակ հարձակվողները եզրերում շատ լայն են դիրքավորվում ու փորձում են մտնել տուգանային հրապարակ՝ կտրող փոխանցում կատարողին հասցեատերի ընտրության մեծ հնարավորություն ապահովելով։
    Մարտինոն հասկացրեց նաև, որ իր մոտ եզրային հարձակվողները ավելի հաճախ են փոխվելու եզրերով։ Պեդրոն պիտի հարմարվի աջից ավելի շատ խաղալուն։ Ալեքսիսը նպատակադրվել է բոլորին ապացուցել, որ այս մրցաշրջանում կդառնա հիմնական կազմի խաղացող անկախ Նեյմարի համար վճարված միլիոնների։
    Նեյմարը կրկին չստացավ Մեսսի հետ միասին խաղի բավարար ժամանակահատված, բայց արդեն իսկ պարզ է, որ թիմակիցները վստահում են նրան և փորձում են վերջինիս հասցնել գնդակը յուրաքանչյուր գրոհի ժամանակ, իսկ բրազիլացին ագահություն չի անում՝ որակյալ փոխանցումներով գրոհները սրելով։
    Միանշանակ կարելի է պնդել, որ թե՛ Խերարդո Մարտինոն, թե՛ Նեյմարը հասկանում են՝ ինչ պիտի անեն Բարսելոնին օգտակար լինելու համար։

Комментариев нет:

Отправить комментарий