суббота, 24 августа 2013 г.

Չելսիի տրանսֆերային տարօրինակ նպատակները

    Տրանսֆերային պատուհանի ավարտին մնացել է մեկ շաբաթ, իսկ նորություններ գալիս են ոչ թե Արսենալից, որից նոր ձեռքբերումներ չեն սպասում արդեն նույնիսկ սեփական երլրպագուները, այլ լոնդոնյան մյուս հզոր ակումբներից։ Թե՛ Չելսին, թե՛ Թոթթենհեմը փորձում են օգտվել Անժիի ամառային մեծածախ վաճառքից՝ յուրաքանչյուրն իր կողմ գրավելով բրազիլացի եզրային հարձակվող Վիլլիանին, ում տրանսֆերը գնահատվում է մոտ 27 միլիոն եվրո։ Եվ եթե Թոթթենհամի հետաքրքրությունը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ Բեյլը գրեթե 99%-ով տեղափոխվել է Մադրիդի Ռեալ, ապա ազնվականների՝ իր կազմում հերթական եզրայինին տեսնելու ցանկությունը անհասկանալի է՝ համենայն դեպս ինձ համար։ Ունենալով Ազար, Մոզես, Շուռլե, Դե Բրոյնե, Մատա և Օսկար՝ դեռ պետք է շատ տանջվել այդ բոլոր երիտասարդ ու շնորհալի տղաների համար բավական խաղաժամանակ գտնելու համար, իսկ ևս մեկ նման ոճի և ոչ ավելի բարձր խաղամակարդակով ֆուտբոլիստի առկայությունը, բացի մի-երկու չբաղահայտված տաղանդներից, ուրիշ ոչինչ չի տա Մոուրինյոի թիմին։
    Ազնվականների հաջորդ թիրախը մանկունյանցիների առաջատար Ուեյն Ռունին է, ով վաղուց հայտնել է թիմից հեռանալու իր դիրքորոշման մասին նորանշանակ գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսի հետ ունեցած անհաշտ հարաբերությունների պատճառով։ Թեև Ռունին անկասկած ավելի բարձրակարգ ֆուտբոլիստ է, քան Մոուրինյոի ձեռքի տակ այս պահին առկա 3 հարձակվողներն էլ, պետք է ուշադրություն դարձնել, որ Տորրեսն էլ, Բան էլ, Լուկակուն էլ միանշանակ մաքուր կենտրոնական հարձակվողներ են, որոնք միտված են միմիայն գոլեր խփելուն, իսկ Ուեյնը գործում է ավելի խորքից։ Հաշվի առնելով, որ Ժոզեն խաղում է 4-2-3-1 մարտավարությամբ՝ դժվար է հասկանալ, թե որտեղ է խաղալու անգլիացի հարձակվողը, ով ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում դարձել է ընդհամենը 12 գոլի հեղինակ։ Դժվար թե միակ հարձակվողի դերը տրվի Ռունիին, իսկ մարտավարությունը փոփոխել ֆուտբոլիստներին հարմարեցնելու համար Մոուրինյոի ոճը չէ․․․
    Ամեն դեպքում գովելի է նոր խաղացողներ ձեռք բերելու Չելսիի ձգտումը, ինչը հաստատում է այս տարի բոլոր մրցաշարերում առաջին տեղի համար պայքարելու նպատակը։

Комментариев нет:

Отправить комментарий