суббота, 20 июля 2013 г.

Յուվեի վերելքը. Անտոնիո Կոնտե

    Երբ 2009 թ.-ին «Յուվենտուսի» ղեկավարությունը պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Ռանիերիին, շատերը անակնկալի եկան, քանի որ վերջինիս ղեկավարությամբ թիմը բավականին հաջող էր հանդես գալիս: Այս պաշտոնանկությունից հետո «Յուվեի» գլխավոր մարզիչ նշանակվեց թիմի ոչ վաղ անցյալի ֆուտբոլիստներից 1-ը՝ Չիրո Ֆերարան: Անփորձ մարզչի գլխավորությամբ թիմը ձախողեց մրցաշրջանը՝ դուրս մնալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլից: Այս ձախողումից հետո Ֆերարան հեռացվեց, և թիմը գլխավորեց Ալբերտո Ձակերոնին, որի գլխավորությամբ, սակայն «Յուվեն» առաջնությունն ավարտեց 7-րդ տեղում: 2010-11 մրցաշրջանուն թիմի ղեկը վստահվեց Լուիջի Դել Ներիին: Արդյունքը եղավ այն, որ «Յուվենտուսը» կրկին Ա Սերիայում գրավեց 7-րդ տեղը՝ չնվաճելով նույնիսկ եվրագավաթների ուղեգիր: Ակնհայտ էր, որ «Յուվեում» անհրաժեշտ էին արմատական փոխոխություններ, քանզի Դել Ներիի գլխավորած թիմը խաղում էր մեղմ ասած, ոչ այնքան դիտարժան ֆուտբոլ, էլ չենք խոսում արդյունքների մասին: Շատերը նշում էին, որ «Յուվեին» անհրաժեշտ է փորձառու մասնագետ, որը կլուծի թիմի առջև ծառացած խնդիրները, մասնավորապես՝ շրջանառվում էր Լուի Վան Գալի անունը: Սակայն ակումբի ղեկավարությունը Ա Սերիայի վերջին տուրի ավարտից օրեր անց հայտարարեց նոր մարզչի անունը՝ Անտոնիո Կոնտե: Այս նշանակումն առաջացրեց յուվեի երկրպագուներից շատերի դժգոհությունը: Այդ դժգոհությունը ուներ որոշակի հիմքեր: Բանն այն է, որ Անտոնիոն ևս երկար տարիներ  խաղացել էր «Յուվեում»՝ Ֆերարայի հետ միասին: Բացի այդ, նա ևս անփորձ մարզիչ էր և ոչ մի երաշխիք չկար, որ Կոնտեն Ֆերարայի սխալները չէր կրկնի: Կարճ ժամանակ անց, սակայն, Անտոնիոն ապացուցեց ճիշտ հակառակը:

    Ստաննձնելով «Յուվեի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ Կոնտեն անմիջապես գործի անցավ: Թիմը համալրվեց նոր խաղացողներով, որոնցից շատերն իրենց լիովին արդարացրին: Կոնտեն մրցաշրջանի սկզբում մի քանի տակտիկական դասավորություններ փորձարկեց՝ ի վերջո կանգ առնելով 3-5-2 սխեմայի վրա: Աստիճանաբար «Յուվեի» խաղն ավելի ու ավելի դիտարժան էր դառնում, Դել Ներիի դժգույն ֆուտբոլի հետքն անգամ չէր մնացել. կարճ փոխանցումներ, արագ գրոհներ, գնդակի վերահսկում, երբեմն նաև երկար ու կտրող փոխանցումներ, հիմնականում՝ Պիրլոյի կատարմամբ:  Հենց այսպիսին էր Անտոնիո Կոնտեի փիլիսոփայությունը: Առաջին մրցաշրջանում «Յուվեն» նվաճեց սկուդետոն՝ առաջնության  հանդիպումներում  չկրելով ոչ մի պարտություն, և հասավ գավաթի խաղարկության եզրափակիչ: Իսկ վերջին  մրցաշրջանում «Յուվեն» նվաճեց Իտալիայի սուպերգավաթը՝ հաղթելով Նապոլիին,  կրկին նվաճեց սկուդետոն՝ հաջող հանդես գալով նաև Չեմպոնների լիգայում՝«Յուվեն» ճանապարհը զիջեց միայն ապագա չեմպիոններին: Վերջում նշենք, որ «Յուվեի» նոր ձեռքբերումները(Լյորենտե, Օգբոնա, Տևես) խոսում են այն մասին, որ վերջինս`  իր երիտասարդ և ամբիցիոզ մարզչի գլխավորությամբ այս տարի բոլոր նախադրյալներն ունի՝ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար: 

Комментариев нет:

Отправить комментарий